ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Տնտեսությունը հաղթանակի անբաժանելի մասն է

Տնտեսությունը հաղթանակի անբաժանելի մասն է
15.04.2016 | 00:25

Հայաստանն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հզոր է իր ժողովրդով, զինվորով միախմբված և ի զորու է հակահարված տալու հակառակորդին։ Ժամանակն է և վաղուց արդեն ժամանակն է, որ մեր իշխանությունները մտածեն տնտեսապես հզոր լինելու մասին։

Իհարկե, դրա մասին պետք էր մտածել վաղուց, 25 տարի առաջ, երբ հաստատվեց Հայաստանի անկախությունը, և ԼՂՀ¬ն ազատ ինքնորոշման հայտ ներկայացրեց աշխարհին։ Գաղտնիք կամ նորություն ասած չենք լինի, որ ցանկացած երկիր առաջին հերթին զորեղ է իր տնտեսությամբ։ Ասվածի վառ ապացույցն Իսրայելն է. բզկտված ժողովուրդը, զրկված պետականությունից, ոչ միայն վերականգնեց իր պետության անկախությունը, այլև ստիպեց աշխարհին հաշվի նստելու իր հետ։ Եվ դա արեց՝ հզորացնելով իր տնտեսությունը։
Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր։ Գերհարուստ իշխանավորներ, չինովնիկներ և ութ տարի անընդմեջ անկում ապրող տնտեսություն։ Տնտեսությունում չի արձանագրվում երկնիշ աճ, փոխարենը աճում են գները, սոցիալական խնդիրները։ Այս ամենի սկիզբը դրվեց ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և ո՛չ էլ 2008¬ին, այլ 1991-ին։ Խնդիրը բոլորովին էլ ազատ տնտեսական հարաբերությունների քաղաքականությունը չէր, այլ ոչ ճիշտ մոտեցումը, ինչի հետևանքով արդյունաբերությունը ոչնչացվեց։ Փակվեցին գրեթե բոլոր գործարանները, թալանվեցին։ Իսկ ինչպե՞ս կարող է զարգանալ երկրի տնտեսությունը, երբ կոտրվում է նրա ողնաշարը՝ արդյունաբերությունը։ Ազատագրական պայքարի մեջ մտած երկիրը փակեց և ոչնչացրեց զինտեխնիկա արտադրող գործարանները։
Տնտեսությունը քայքայող այդ քաղաքականությունը, ըստ տարիների, տարբեր ձևերով իրականացրել և իրականացնում են մինչ օրս՝ բոլոր կառավարությունները։ 1998-ից սկսած Հայաստանն օտարում է ռազմավարական նշանակության իր բոլոր օբյեկտները։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր ժամանակներում Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով և՛ միջազգային ֆինանսական կառույցներից, և՛ բարեգործների կողմից միլիոնավոր գումարներ են ստացվել, սակայն փաստ է, որ դրանք բոլորովին էլ նպատակային չեն ծախսվել։ Եթե որևէ մեկը կփորձի ապացուցել հակառակը, մենք կհարցնենք. այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի արդյունաբերությունը դոփում տեղում։ Եթե այդ գումարները լիարժեքորեն ներդրվեին, ոչ թե հայտնվեին մի քանի իշխանավորների գրպաններում, ապա այսօր մեր տնտեսության վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։
Մինչդեռ առանց զարգացած տնտեսության ոչ մի երկրի զինված ուժեր չեն կարող ունենալ գերժամանակակից սպառազինություն, առավել ևս այդպիսի երկրի ձայնը լսելի չէ միջազգային կառույցներին։ Նորություն չէ, որ տնտեսական շահը գերակա է բոլոր ժամանակներում և բոլոր երկրների համար։ Մենք անընդհատ հարց ենք տալիս՝ ինչո՞ւ միջազգային կառույցները բավարարվում են միայն հայտարարություններով, այն էլ հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև և հստակ գործողությունների չեն դիմում ագրեսոր երկրի նկատմամբ։ Հարց ենք տալիս և մոռանում տնտեսական շահի գործոնը։ Մինչդեռ, ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելով, մեր իշխանությունները կարող են թեքել տնտեսության անիվը։
Այո, Ադրբեջանն ունի նավթ, բայց արդյո՞ք աշխարհին միայն նավթ է պետք։ Հայաստանը ևս ունի բնական պաշար՝ մտավոր ներուժ, որը բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարող է հրաշքներ գործել և առաջ տանել Հայաստանի տնտեսությունը շատ ոլորտներում, այն հետաքրքիր դարձնել աշխարհի համար։ Բայց այստեղ մեկ բայց կա. իշխանությունները 25 տարի է՝ «արհամարհում» են գիտությունը։ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով, կարելի է ասել, որ Հայաստանում մեկնարկեց գիտահետազոտական ինստիտուտների ոչնչացումը։ Գործընթաց, որը շարունակվում է մինչ օրս։ Եվ եթե տնտեսության ողնաշարն արդյունաբերությունն է, ապա այն առանց գիտության չի զարգանա և կանգուն չի լինի, հատկապես մեր օրերում։
Հայաստանը, ցավոք, վերածվել է սպասարկման ոլորտի երկրի՝ միայն դեղատներ, վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և ուրիշ ոչինչ, կներեք, մեկ էլ մի քիչ գյուղատնտեսությունն է կարևորված։ Սպասարկման ոլորտից, իհարկե, շահում են ո՛չ պետությունը, ո՛չ էլ ժողովուրդը, այլ իշխանության ներսում մի քանի մարդ, որոնց իրականում պատկանում են այդ ոլորտները։ Այս ոլորտներից առաջացած գումարները տեղ են գտնում այն մարդկանց գրպաններում, որոնց անունները մեկ առ մեկ գիտի ժողովուրդը։ Սակայն դրանից պետությանն ի՞նչ… Ոչինչ, և այդ ոչինչն էլ հարվածում է և՛ մեր տնտեսությանը, և՛ աշխարհում մեր շահերին։
Հասկանալի է նաև, որ տնտեսությունն աշխուժացնելու համար ներդրումներ են պետք։ Ցանկության դեպքում, կարծում ենք, դրանք կարելի է ներսում գտնել. բավական է, որ իշխանավորները թեթևակի թափ տան իրենց գրպանները, և տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գումարները ծով կկապեն։ Խնդիրն այլ է. կհամաձայնե՞ն արդյոք նրանք իրենց գրպանների հաշվին դա անելու, ինչպես արեցին հրեաները։ Թե՞, արծաթասիրությանը կուլ գնալով, աշխարհի առջև խնդրողի դերում կմնան։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ